
Անահիտ Ցիցիկյանն արտասովոր ստեղծագործ անձնավորություն է` ջութակահարուհի, մանկավարժ, լրագրող, հետազոտող, խորագիտակ, ուսյալ մարդ: Նրա կերպարը զուգորդվում է վառ տաղանդի, ստեղծագործական պոռթկման, բարձր ինտելեկտի, կամքի, աշխատասիրության, էության խոր ու նուրբ ոգեղենության հետ:
Ա. Ցիցիկյանի ստեղծագործական ուղին աչքի է ընկել հագեցածությամբ և արգասաբերությամբ. մեծաքանակ համերգներ, հյուրախաղեր, հոդվածներ, բազմաթիվ դասախոսություններ, ելույթներ միջազգային գիտաժողովներում, ընդ որում` արվեստի շատ ոլորտներում նա հանդես է եկել որպես նորարար:
Կյանքի մեծ մասն Անահիտ Ցիցիկյանը նվիրել է ջութակին: Միջազգային ճանաչում ստացած առաջին հայ կին ջութակահարը հարյուրավոր բեմեր է նվաճել, և ամեն անգամ նրա գործիքի թովիչ ձայնը գտել է ունըկնդրի սրտի ճանապարհը: Ա. Ցիցիկյանը համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում, ելույթ է ունեցել հեռավոր գյուղական ակումբների և մեծ համերգասրահների հանդիսատեսի, սիրողական ունկընդրի և պրոֆեսիոնալների առաջ: Նա նվագել է արևմտաեվրոպական դասական երաժշտության ընդարձակ նվագացանկ, բայց ստեղծագործական հասուն շրջանում միշտ ջանացել է շեշտը դնել եվրոպական վարպետների այն ստեղծագործությունների վրա, որոնք մինչ այդ չէին հնչել Հայաստանում: Նա իր հիմնական առաքելությունն է համարել ազգային երաժշտության քարոզումը, և նրա նվագացանկում մշտապես գլխավոր տեղը զբաղեցրել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններ է կատարել հանրային ռադիոյում, թողարկել է առաջին ձայնասկավառակը ջութակի հայկական երաժշտությամբ:
Կատարողական գործունեությանը զուգահեռ Ցիցիկյանը լուսավորչական աշխատանք է կատարել: Իր համերգային ելույթների ընբթացքում գունեղ ներկայացրել է երաժշտության, կոմպոզիտորների և կատարողների, մշակույթի պատմությունը: Ամենատարբեր լսարանների առջև հանրահռչակում էր դասական երաժշտությունը: Նա խոսում ու նվագում էր երեխաների և մեծերի համար, Հայաստանի երաժշտական մշակույթի մասին վառ ու գունեղ ներկայացումներ դպրոցներում, համալսարաններում, թանգարաններում, դեսպանատներում, հանրապետության հյուրերի համար ... Նրա խոսքը հնչում էր ռադիոյով և հեռուստատեսությամբ, բազմաթիվ համերգներում ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նա Հայաստանում ներդրեց համերգ-դասախոսության նոր ժանրը` «Նվագում և պատմում են կատարողները», երբ երեկոյի ընթացքում ջութակահարուհին միաժամանակ հանդես էր գալիս և կատարողի, և ներկայացնողի դերում:
Որպես երաժշտագետ և գիտնական` նա հայ կատարողական արվեստի պատմության և գործիքագիտության մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Քրտնաջան որոնումների տարիները վերագտան ու վերականգնեցին մոռացված երաժիշտ կատարողների մի ամբողջ պատկերասրահ: Այս թեմայով թեկնածուական ատենախոսություն պաշտպանվեց, իսկ հետագայում նաև գիրք հրատարակվեց:
Ավելի քան 40 տարի Ա. Ցիցիկյանը եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս (1982-ից պրոֆեսոր): Նվագախմբային ֆակուլտետում նա նոր առարկաներ է ներմուծել. «Մանկավարժական պրակտիկա», «Աղեղնային արվեստի պատմություն», ինչպես նաև մշակել է նոր դասընթաց` «Հայ կատարողական արվեստի պատմություն»: Շատ դասախոսություններ, որոնք անց էր կացնում Անահիտ Ցիցիկյանը, նախապատրաստվում էին նրա հետազոտական գործունեության ընթացքում:
Ջութակահարուհու գիտական հետաքրքրությունների շրջանակում կարևոր տեղ է զբաղեցրել երաժշտական գործիքների ծագման պատմությունը: Նա ուսումնասիրել և հրապարակ է հանել ջութակին նախորդած գործիքի աշխարհում ամենավաղ պատկերումներից մեկը: Բազմամյա հետազոտությունները թույլ էին տալիս նորանոր պատմանմուշներ հայտնաբերել: Շնորհիվ այս մշակումների և նոր հայտնագործությունների Ա. Ցիցիկյանը նպաստեց Հայաստանում նոր ուղղության` երաժշտական հնագիտության կայացմանը: Քանիցս արտասահմանյան զեկուցումներով նա մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի պատմության ու արվեստի նկատմամբ: Ռուսերենից և հայերենից բացի ազատ տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին և առանց թարգմանչի ելույթ էր ունենում միջազգային հարթակներում և գիտաժողովներում:
Անահիտ Ցիցիկյանը լրագրողական հոդվածների հեղինակ է, գրել է անցյալի և իր ժամանակակից կատարողների մասին: Նրա գրչին են պատկանում մեծ թվով գրախոսականներ հայրենական և հյուրախաղերով հանդես եկած երաժիշտների մասին, որոնցում երևակվել է ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլև մարդու խորը հոգին, որն արժանի խոսքեր չէր խնայում գործընկեր ջութակահարների գովեստի համար:
Ջութակահարուհի Ա. Ցիցիկյանի կերպարն ամբողջական չի լինի, եթե չնշվի, թե ինչ հիանալի դուստր, մայր, կին և մեծ հայրենասեր էր նա: Ծնված լինելով Հայաստանից հեռու` նա մեծ սրտացավությամբ էր վերաբերվում իր պատմական հայրենիքին և նրա նվիրյալն էր: Արտասահմանում Անահիտ Ցիցիկյանը հանդես էր գալիս իբրև իր երկրի «երաժշտական դեսպան» փառաբանելով Հայրենիքը խոսքով, գրչով և աղեղով:
Անահիտ Ցիցիկյանը Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի է:
Որպես երաժշտական-հասարակական գործիչ նա անդամն էր`