ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Ցիցիկյանը փայլուն ջութակահար էր, հմուտ մանկավարժ, բազմակողմանի զարգացած գիտնական: Ծնվել է 26.08.1926թ. Լենինգրադում (Պետերբուրգ), 1942թ. մշտական բնակության է տեղափոխվել Երևան: 1950թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիան (պրոֆ. Դոմբաևի դասարան), 1953-ին` Մոսկվայի ասպիրանտորիան (պրոֆ. Մոստրասի դասարան): Սկսած 1950թ. մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսորի կոչումը ստացել է 1982 թ.):


1961 թվից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար, մենահամերգներով շրջագայել է արտասահմանյան երկրներում և Սովետական Միության շուրջ 100 քաղաքներում: 1967 թ. նրան շնորհվեց վաստակավոր արտիստուհու կոչում: Բացի արևմտաեվրոպական դասականների գործերից, Անահիտ Ցիցիկյանի նվագացանկում հատուկ տեղ են զբաղեցրել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնցից շատերի առաջին մեկնաբանն ու խմբագիրն է եղել: Նա թողարկել է 4 հեղինակային ձայնասկավառակ Մոսկվայում, Ռիգայում և 2 ձայներիզ` Միացյալ Նահանգներում և Երևանում:


Հայ արվեստաբանության մեջ մեծ է Անահիտ Ցիցիկյանի ավանդը որպես հետազոտողի և գիտնականի: Իր գրչին են պատկանում բազմաթիվ հոդվածներ թերթերում և ամսագրերում: 1977 թվականին հայերեն և 2004-ին ռուսերեն լույս է տեսել նրա «Հայկական աղեղնային արվեստի պատմություն» մենագրությունը: Արվեստագիտության թեկնածուն (1969) հիմնել և մշակել է հայկական կատարողական արվեստի պատմությունը, խորը հետազոտություններ է կատարել հնագույն երաժշտական գործիքների ուսումնասիրության ասպարեզում և հիմնադիրն է Հայաստանում գիտության մի նոր ճյուղի` երաժշտական հնէաբանության:


Տաղանդավոր ջութակահար Անահիտ Ցիցիկյանը աննախադեպ երևույթ է հայ երաժշտության երկնակամարում: Նա առաջին կին-կատարողն էր, որը միջազգային համբավի արժանանալով արտասահմանում` հայկական երաժշտական արվեստին փառք ու պատիվ բերեց:


Անահիտ Ցիցիկյանը մահացել է 1999թ. մայիսի 2-ին, Երևանում:

ԿՅԱՆՔԻ ՕՐԱՑՈՒՅՑ