ՋՈՒԹԱԿ

«Նրա ջութակի հիասքանչ ձայնը, մեղեդային դարձվածքի նրբորեն կառուցելու վարպետությունը, նվագի հզորությունն ու խորությունը, կատարման մասշտաբայնությունը` այս բոլորը բնորոշ են միայն տաղանդավոր կատարողին»։

/Մաքսիմ Շոստակվիչ, դիրիժոր/


Կատարողական արվեստը հատուկ տեղ էր զբաղեցնում Անահիտ Ցիցիկյանի բեղուն ստեղծագործական գործունեության մեջ: Նա առաջին հայ ջութակահարուհին էր, ով արժանացել էր միջազգային ճանաչման: Ավելի քան 1000 անգամ նա դուրս է եկել բեմ Հայաստանում և արտերկրում, հավաքական համերգներով և որպես մենակատար, մեծ համերգասրահներում սիմֆոնիկ նվագախմբի հետ և բաց երկնքի տակ․ Հայաստանի հեռավոր շրջաններում: Նա ունեցել է բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններ, թողարկել հայկական ջութակային երաժշտության առաջին վինիլային ձայնասկավառակը (Մոսկվա, 1962թ, «Մելոդիա» ձայնագրման ստուդիա):


Անահիտ Ցիցիկյանի ուսուցիչներն էին Աուերի ճանաչված դպրոցի կրողներ Գրիգորի Գինզբուրգը, Լև Ցեյտլինը, Կոնստանտին Մոստրասը, Կարպ Դոմբաևը: Այդ փաստը մեծ դեր է խաղացել ջութակահարուհու կատարողական ոճի ձևավորման մեջ. նրա մեջ զարմանալիորեն համաձուլվել էին ռուսական ջութակային դպրոցի լավագույն հատկանիշները․ նուրբ ճաշակն ու քնարակնությունը և արևելյան կոլորիտն ու հայկական կրաքոտ խառնվածքը:


Հաջողությամբ նվագելով գրեթե ողջ դասկան նվագացանկը, Անահիտ Ցիցիկյանը, հետզհետե, ավելի ու ավելի հաճախ էր անդրադառնում հայկական երաժշտությանը: Դեռ դպրոցական տարիներից նա կատարում էր Խաչատրյանի, Սպենդիարյանի, Տիգրանյանի ստեղծագործությունները: «Քո տաղանդի բուռն ծաղկման լավագույն ցանկություններով», - այսպես էր գրել Արամ Խաչատրյանը իր «Կոնցերտի» պատանի կատարողին նվիրած նոտաների վրա:


Հետագայում Անահիտ Ցիցիկյանի համերգային ծրագրերում մշտպես գերակշռում էին հայ հեղինակների գործերը․ հայկական երաժշտության տարածումը աստիճանաբար դարձել էր իր կյանքի գլխավոր նպատակը: «Մոցարտ և Բեթհովեն նվագում են բոլորը, իսկ ո՞վ, եթե ոչ հայերը, պետք է նվագեն մեր երաժշտությունը»,- ասում էր ջութակահարուհին: Հաճախ նա ոգեշնչում էր երիտասանդ հայ կոմպոզիտորներին․ նպաստում նոր գործերի ստեղծմանը, հանդիսանալով դրանց առաջին կատարողը (40-ից ավելի գործ), խմբագիրը, իսկ երբեմն, նույնիսկ, համահեղինակը: Շատ կոմպոզիտորներ են ձոնել Անահիտ Ցիցիկյանին իրենց նոր գործերը (Արտեմի Այվազյան, Էրիկ Հարությունյան, Գրիգոր Հախինյան, Էդվարդ Բաղդասարյան, Արզաս Ոսկանյան, Յուրի Ղազարյան, Ջոն Կիրակոսյան, Մելիք Մավիսակալյան, Գագիկ Հովունց, Երվանդ Սարդարյան, Հարո Ստեփանյան, Տելեմակ Տեր-Ավետիսյան և ուրիշներ):


Մոսկվայում մի ձայնագրության ընթացքում, ներակա գտնվող ռուս կոմպոզիտոր Կլեբանովը հիանալով ջութակահարուհու անզուգական նվագով, զրույցի ընթացքում ասում է Էրիկ Հարությունյանին. «Դուք կարող եք երաժշտություն գրել անվերջ, քանի որ այսպիսի կատարող ունեք»:


Իր գործունեության մեջ Անահիտ Ցիցիկյանն աչքի էր ընկնում պրպտուն խառնվածքով․ մշտապես հակված նորարարությունների: Ձգտելով բազմազան դարձնել իր նվագացանկը հետաքրքիր յուրահատուկ համարներով նա կատարում է արևմտաեվրոպական կոմպոզիտորների (Ա. Կորելլի, Ա. Վիվալդի, Ջ. Տարտինի, Պ. Լոկատելլի, Յ-Ս. Բախ, Հ-Ֆ. Հենդել) Հայաստանում նարկինում չհնչած ստեղծագործություններ, օգտագործում գործիքների ոչ սովորական դուետներ (ջութակ և կիթառ, ջութակ և երգեհոն), կազմակերպում թեմատիկ համերգներ («XVIII դարի իտալական երաժշտություն», «Հայկական միջնադարյան երաժշտություն»): Իր ջանքերի, արխիվներում երկարատև որոնումների շնորհիվ նոր կյանք ստացան նախկինում անհայտ ստեղծագործություններ: Այսպես ծնվեց «Հայաստանի հինավուրց և ժամանակակից մեղեդիները» ծրագիրը, որտեղ այլ գործերի շարքում տեղ գտան Ներսես Շնորհալու տաղերի, Մակար Եկմալյանի պատարագի․ ջութակի համար փոխադրումները:


Նոր և անսովոր էր Հայաստանի համար այնպիսի մի բարդ ժանր, ինչպիսին է Համերգ-դասախոսությունը, որտեղ Անահիտ Ցիցիկյանը հավասարապես փայլում էր որպես խոսքի և նվագի վարպետաց-վարպետ:


Տարբեր տարիների Անահիտ Ցիցիկյանին նվագակցել են Մարիաննա Հարությունյանը, Նելի Դանիել-Բեկը, Էլեոնորա Ոսկանյանը, Հովաննես Փարաջանյանը, Նաում Վալտերը: Նա նվագել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են․ Կոնստանտին Սարաջևը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Իգոր Բլաժկովը, Ալգիս Ժուրայտիսը, Էրլ դե Ֆոնսեկան, Ռաֆայել Մանգասարյանը, Դավիթ Խանջյանը,Մաքսիմ Շոստակովիչը, Իվան Վուլպեն, Տոմիսլավ Սոպովսկին և ուրիշները:

Անահիտի Ջութակը.

  • Երբ 50-ականների սկզբին Անահիտն ավարտեց կոնսերվատորիան և ստիպված եղավ վերադարձնել հավաքածուի ջութակը, անհրաժեշտություն առաջացավ գնել սեփական գործիքը։ Հենց այդ ընթացքում նրան ջութակ առաջարկեցին «քիչ հայտնի» մի վարպետի ջութակն ու Ֆրանսուա Տուրտի աղեղը։ Ջութակը 18-րդ դարի վարպետի ստեղծագործություն էր․ Անտոնիո Գրանիանի Լիվորնոյից կամ տիրոլացի վարպետ։ Որոշ փորձագետներ, ում հետ Անահիտը խորհրդակցել է, փորձել են նրան հետ պահել այդ գնումից՝ չհավատալով գործիքի հնարավորություններին։ Սակայն Անահիտն անմիջապես սիրահարվեց ջութակին։ Նա գտավ ճանապարհը դեպի ջութակի նուրբ հոգին և նրա ձեռքերում գործիքը հնչեց հրաշալի խորը տեմբրով: Ջութակն այնքան «բացվեց», որ նրա ձայնի ուժը համադրելի էր մեծ սիմֆոնիկ նվագախմբերի հնչողությանը: Զավեշտալի է, որ մի անգամ Մոսկվայում «Սիմֆոնիկ մեծ նվագախմբի» համերգի ընթացքում նվագախումբից հարցրեցին. «Հիանալի է հնչում․ արդյո՞ք Ստրադիվարիուսն է, թե՞ Գվարներին։