ԿԱՐԾԻՔՆԵՐ

«Իմ աշակերտուhին` Անահիտ Ցիցիկյանը մեծ երաժշտական ունակությունների տեր է և համապատասխան աշխատանքի դեպքում, անտարակույս, կդառնա անվանի, հնարավոր է նույնիսկ, ականավոր ջութակահարուհի»: (1945 թ.)

ԳՐԻԳՈՐԻ ԳԻՆԶԲՈՒՐԳ

Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր

«Մոսկվայում տեղի ունեցած Երևանի պետական կոնսերվատորիայի լարային բաժնի վերջին ստուգատեսի ժամանակ համընդանուր ուշադրության արժանացավ ուսանողուհի Անահիտ Ցիցիկյանը: Ցիցիկյանն ունի կատարման հետաքրքիր յուրաձևություն, որը բացահայտում է իր խորը երաժշտական զգայնությունը: Ձայնի շոյող թեթևություն, գործիքային տեմբրի նուրբ զգացողություն, տեխնիկայի նրբագեղություն․ այս ամենը նա ցայտուն և համոզիչ ձևով ցույց տվեց Շոսսոնի «Պոեմի» և Ա. Խաչատրյանի կոնցերտի կատարման ժամանակ»: (1949 թ.)

Կ. ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ

Երաժշտագետ

«Այդպիսի Կոմիտաս երբեք չեմ լսել` Անահիտ Ցիցիկյանը, անտարակույս, նրա ստեղծագործությունների անզուգական կատարողն է»: (1965 թ.)

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

«Լրաբեր» թերթի (ԱՄՆ) խմբագիր, կոմիտասագետ

«Կցանկանայի իմ խորը բավարարվածությունը հայտնել հիանալի ջութակահարի․ Անահիտ Ցիցիկյանի հետ ստեղծագործական համագործակցության համար: Նրա հետ նվագելը մեծագույն հաճույք է: Գործիքի հիասքանչ հնչողություն, երաժշտական ֆրազի կառուցման նրբություն, նվագի հզոր թափ և կատարման մասշտաբայնություն` այս ամենը բնորոշ են միայն տաղանդաշատ երաժշտին»: (1972 թ.)

ՄԱՔՍԻՄ ՇՈՍՏԱԿՈՎԻՉ

Դիրիժոր, կոմպոզիտոր

«Շնորհակալ եմ, աղջիկս, որ քո նուրբ ձեռքերում կրկին կենդանացավ և ղողանջեց անմոռանալի Դավիթ Դավթյանի ջութակը»: (1953թ.)

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ

«Ես շատ հուզված եմ Հայաստանում իմ ջութակի կոնցերտի տաղանդավոր մեկնաբանմամբ և անկեղծ ցնցված եմ երիտասարդ կատարող Անահիտ Ցիցիկյանի նվագի հասունությամբ ու վարպետությամբ: Տա Աստված, որ մեր Ժողովրդական արտիստները նվագեն այնպես, ինչպես այս աղջնակը»: (1943 թ.)

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոմպոզիտոր

«Ա. Ցիցիկյանը շատ տաղանդավոր ջութակահարուհի է: Նա խորապես զգում է երաժշտական ֆրազը, իսկ դա երաժիշտ-կատարողի ամենակարևոր հատկությունն է»: (1949 թ.)

ԻՍՐԱՅԵԼ ՅԱՄՊՈԼՍԿԻ

Պրոֆեսոր, երաժշտագետ, «Երաժշտական հանրագիտարանի» խմբագիր

«Ամենից առաջ ես կցանկանայի արտահայտել այն գերագույն հաճույքը, որը ստացա Անահիտ Ցիցիկյանի կատարումից․ Նա օժտված ջութակահարուհի է, առանձնահատուկ, յուրօրինակ և եզակի տաղանդի տեր: Ընդհանուր տպավորությունն արտակարգ է`տեխնիկապես նա գերազանց է հաղթահարում կատարվող նյութի դժվարությունները: Նա տիրապետում է հասուն երաժշտին հատուկ իմաստությամբ»: (1948 թ.)

ԵՎԳԵՆԻ ԳՈՒԶԻԿՈՎ

Ջութակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր

«Ցիցիկյանը օժտված ջութակահարուհի է շատ ջերմ երաժշտական ձայնով և խառնվածքով: Նա այնպես դրսևորվեց Ա. Խաչատրյանի կոնցերտում, որ դժվար էր նույնիսկ պատկերացնել: Ընդհանրապես նրա կատարումից շատ տպավորված եմ. վառ երաժշտական հնչողություն, կրակոտ կատարում»: (1948 թ.)

ԴՄԻՏՐԻ ՑԻԳԱՆՈՎ

Ջութակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր

«Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտ Անահիտ Ցիցիկյանը շնորհալի ջութակահարուհի է` օժտված գերազանց երաժշտական տվյալներով: Նրա կատարմանը բնորոշ են կամային և հուզական սկզբունքների համադրությունը, երաժշտականությունը, գեղեցիկ հնչողությունը, ինչպես նաև գեղարվեստական ճաշակն ու իսկական արվեստագետին հատուկ համարձակությունը: Այս ամենը հիմնավորում է, որ Ցիցիկյանը բարձրակարգ կատարող է, ում հետագայում մասնագիտական թռիչքային աճ է սպասվում»: (1953 թ.)

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՄՈՍՏՐԱՍ

Ջութակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր

«Անահիտ Ցիցիկյանը Խորհրդային Հայաստանի առաջատար երաժիշտներից է: Իր կատարողական վառ անհատականությամբ, ձայնի ջերմությամբ և կատարման խորությամբ նա կարողանում է գերել ունկնդրին: Հաճախ մասնակցելով Կոմպոզիտորների Միությունում կազմակերպվող համերգներին, Ա. Ցիցիկյանը հանդիսանում է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ակտիվ տարածողն ու ջատագովը: Մեծապես օժանդակելով կոմպոզիտորներին ջութակի համար նոր գործերի ստեղծման գործընթացում, նա հաճախ հանդիսանում է դրանց առաջին կատարողը»: (1959 թ.)

ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ

«Ականավոր երաժիշտ և ջութակահար Անահիտ Ցիցիկյանն օժտված է վառ անհատականությամբ: Իր կատարողական կերպարը համակված է ռոմանտիզմով` հուզականությունը միշտ ներդաշնակում է չափի զգացման և գեղարվեստական նուրբ ճաշակի հետ, ինչը թույլ է տալիս վերարտադրել ձայնային ամենահամարձակ ցայտերանգները: Գործիքի անզուգական հնչողությամբ և կատարյալ վարպետությամբ, ջութակահարուհին զերծ է կաղապարներից, կարողանում է հմտորեն օգտագործել իր բացառիկ տաղանդի հարուստ արտահայտչամիջոցները: Նրան հավասարապես հասու են ինչպես պոետիկ քնարականությունը, այնպես էլ դրամատիզմը, որոնք նա կարողանում է կիրառել միայն իրեն հատուկ ազնվականությամբ և անբռնազբոսիկությամբ»: (1960թ.)

ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ջութակահար, Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ

«Ինձ բախտ է վիճակվել առաջիններից մեկն ունկնդրել Էրիկ Հարությունյանի «Կոնցերտ-պոեմը» Անահիտ Ցիցիկյանի կատարմամբ: Անահիտը բացառիկ ջութակահարուհի է»: (1961թ.)

ԱՆԴՐԵ ԳԵՐՏԼԵՐ

Հունգարացի ջութակահար, Բ. Բարտոկի բարեկամ

«Այսպես ուրեմն․ մի ուրիշ հայրենի կռունկ էլ կար եգիպտական երկնքի տակ բացված այս վրանում, և ի'նչ «Կռունկ»… Ես շատ անգամներ էի լսել Անահիտ Ցիցիկյանին Երևանում, Մոսկվայում: Բայց այստեղ բոլորովին կերպարանափոխվել էր Անահիտը: Նրա ջութակը կարծես շնչում էր, բաբախում, հառաչում էր ու ծիծաղում: Աղեղը դողում էր, սրսփում, մերթ կարոտով ու քնքշությամբ սահում էր լարերի վրայով, մերթ տագնապով թպրտում էր նրանց վրա, մերթ էլ զայրալից խփում, հարվածու'մ, ասես կտրե~լ էր ուզում հանդարտ ու հարթ լարերը... Ու նվագից պոկվելով, թևածում էր կռուկը հեռավոր այս վրանի տակ, իսկ «Ծիրանի ծառը» իրար էր տալիս ճյուղերը, շաչում, շառաչում, բայց նորից կանգուն մնում` ավազուտներից եկող խորշակի դեմ, իր այրված ժայռերի վրա... («Քարավանները դեռ քայլում են» գրքից»: (1964թ.)

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Բանաստեղծուհի

«Սիրելի Անահիտ, մեծագույն հաճույքով լսեցի Ձեր ձայնագրությունները և իրական հիացմունք ապրեցի Ձեր պերճախոս և դյութիչ նվագով»: (1970 թ.)

ՅՈԶԵՖ ՍԻԳԵԹԻ

Հունգարացի ականավոր ջութակահար

«Սիրելի Անահիտ, պետք է Ձեզ հայտնեմ, թե ինչ գերագույն հաճույք ստացա Է. Հարությունյանի «Կոնցերտ-պոեմի» ձայնագրությունն ունկնդրելիս: Ինչպիսի հիանալի և հզոր կատարում: Ինչքան նրբություն և արիություն կար այդ կատարման մեջ: Բրավո»: (1970թ.)

ՄԱՆՈՒԿ ՊԱՐԻԿՅԱՆ

Ջութակահար, Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր

«Մոսկվայում շատ անվանի երաժիշտների ուշադրությունը գրավեց Անահիտ Ցիցիկյանի ելույթը, ով աչքի էր ընկում իր խորը երաժշտականությամբ, նրբությամբ, հասուն նվագով և իսկական վարպետությամբ: Եթե անցյալում իր նվագին բնորոշ էին թեթևությունն ու նրբագեղությունը, ապա հետագայում հայտնվեցին խոշոր, համարձակ տարրեր, նյութը ցայտուն, մասշտաբային մատուցելու, երաժշտության մեջ խորհելու և զգալու ունակություն: Անահիտ Ցիցիկյանի նվագացանկում ռուսական և արտասահմանյան դասական երաժշտության հետ մեկտեղ հաճախ է հանդիպում խորհրդային, և առաջին հերթին, հայկական երաժշտություն: Իր կատարմամբ երաժշտությունը մի կողմից լիրիկական է, տոգորված պատանեկան ավյունով, մյուս կողմից լի է խրոխտ, իմաստուն զսպվածությամբ»: (Մոսկվա, 1963 թ.)

ՌԱՖԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երաժշտագետ, «Սովետսկայա մուզիկա» ամսագիր, N 12

«Անահիտ Ցիցիկյանն իրեն դրսևորեց որպես բացառիկ, աներևայելի ուժի տեր վիրտուոզ, ով օժտված է հստակ արտահայտչամիջոցներով և կրակոտ պերճությամբ… Անտարակույս նա մեր ժամանակի ականավոր ջութակահարների շարքում է»: (1965թ.)

ՆԵՎԻԼ ՎԻԵՐԱՌԱՏՆԱ

Երաժշտական քննադատ, Կոլոմբո, Ցեյլոն

«Անահիտ Ցիցիկյանի նվագի գեթ մի քանի վայրկյանը բավական է համոզվելու համար, թե նա ինչ հզոր և վառ երաժշտական անհատականություն է: Նրա կրակոտ և հանճարեղ կատարումն անմիջապես գերում են ունկնդրին` նվագի հմայքը ոչ թե արտաքին շքեղության արդյունք է, այլ հոգու անկեղծության և հարստության արտացոլումն է»: (1969թ.)

«ԱՇԽԱՐՀ» ОՐԱԹԵՐԹ

Երաժշտական քննադատ, Փարիզ

«Դուք (դիմելով կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանին) կարող եք երաժշտություն գրել անվերջ, քանզի Անահիտ Ցիցիկյանի նման կատարող ունեք»: (1962 թ.)

ԴՄԻՏՐԻ ԿԼԵԲԱՆՈՎ

Կոմպոզիտոր, Մոսկվա