ԳՐՔԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԵՂՆԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ

«Սովետական գրող» հրատարակչություն,
Երևան, 1977,
250 էջ,
Հայերեն


ԳՐԱԽՈՍԱԿԱՆ.
Լև Գինզբուրգ
Մոսկվայի Կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արվեստագիտության դոկտոր


«Անահիտ Ցիցիկյանի «Հայկական աղեղնային արվեստը» մենագրության արդիականությունը պայմանավորված է հայկական երաժշտարվեստի մինչ այժմ մասնագիտորեն չհետազոտված ասպարեզի լուսաբանմամբ: Գիրքը նոր էջ է բացում աղեղնային գործիքների արվեստի պատմության բնագավառում և լրացնում մեր երկրի երաժշտական մշակույթի պատմությունը: Գիրքը լրացուցիչ տվյալներ է ներդնում Եվրոպական աղեղնային գործիքների նախապատմության ու վաղ պատմության մեջ, երաժշտության այդ բնագավառը համալրելով հին հայկական մշակույթին առնչվող նյութերով: Այդ տեսակետից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում գրքում նկարագրված աղեղնային գործիքը, որը պատկերված է Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված 11-րդ դարին վերագրվող անոթի վրա:


Գրքի հաջորդ գլուխներում ուսումնասիրվում է հայկական պրոֆեսիոնալ աղեղնային արվեստի զարգացումը: Այստեղ հեղինակն ընդգծում է երկու ուղղություն. Արևմտահայկական․ իր բնույթով Եվրոպական աղեղնային դպրոցներին հարող և Արևելահայկական․ օրգանապես կապված ռուսական երաժշտական մշակույթի հետ: Թեև Անահիտ Ցիցիկյանը իր ուսումնասիրությունը հասցնում է մինչև 20-րդ դարի սկիզբը, լուսաբանելով նախորդող ժամանակաշրջանների հայկական աղեղնային արվեստի բնագավառում պրեֆեսիոնալիզմի զարգացումը, նա նույնպես մատնանշում է այն նախադրյալները, որոնք մեծապես նպաստել են աղեղնային գործիքների խորհրդային մշակույթի ծաղկմանը մեր օրերում»: (1977)


ԳՐԱԽՈՍԱԿԱՆ.
Էդվարդ Միրզոյան
Պրոֆեսոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ


«Սովետական Միությունում գործիքագիտությամբ ներկայումս զբաղվում են քիչ թվով մասնագետներ: Այդ առումով Անահիտ Ցիցիկյանի «Հայկական աղեղնային արվեստը» աշխատությունն ունի բացառիք առժեք: Այստեղ բերված են բազում լրացուցիչ տեղեկություններ աղեղնային գործիքագիտության ինչպես նաև հայկական կատարողական արվեստի զարգացման ուղիների վերաբերյալ, բացահայտված են նրանց արգասավոր կապերը եվրոպական և ռուսական երաժշտական մշակույթների հետ: Հետևապես աշխատության նշանակությունը դուրս է գալիս զուտ հայկական երաժշտագիտության սահմաններից: Այս ասպարեզում հեղինակի դրսևորած գիտակությունն ու պրպտող միտքը թույլ են տվել ստեղծել մի արժեքավոր երաժշտագիտական մենագրություն, որի կարևորությունը դժվար է գերագնահատել»: (1977)

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԵՂՆԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչություն,
Երևան, 2004,
255 էջ,
Ռուսերեն


ԽՄԲԱԳՐԻ ԽՈՍՔ.
Նունե Շամախյան
«Անահիտ» մշակութային հիմնադրամի նախագահ


«Ընթերցողի ուշադրությանը ներայացվող աշխատությունը հանդիսանում է 1977 թ. հայերեն լեզվով լույս տեսած «Հայկական աղեղնային արվեստը» գրքի լրամշակված ռուսերեն տարբերակը:


Ի սկզբանե գիրքը գրվել է ռուսերեն, սակայն հեղինակը ցանկացել է այն լույս ընծայել նախ հայերենով (1977), միաժամանակ երազելով մի օր տեսնել իր ողջ կյանքի աշխատանքի արդյունքը բնօրինակի լեզվով: Հեղինակը նախատեսում էր հայ երաժիշտների ցանկը համալրել նոր անուններով. պատրաստվում էր հրատարակության աշխատության II հատորը նվիրված XX դարի հայազգի ականավոր երաժիշտներին և կատարողներին (Ավետ Գաբրիելյան, Արտեմի Այվազյան և այլոք), ջութակի դպրոցներին (Կարպ Դոմբաև, Հրաչյա Բոգդանյան և այլոք), ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, մշակութային օջախներին (Երևանի պետական կոնսերվատորիա, Երաժշտական թատրոն և այլն): Այստեղ նախատեսվում էր նաև ընդգրկել հայկական և ռուսական արվեստի փոխադարձ կապը. Մոսկվայում և Լենինգրադում աշխատող ականավոր սովետահայ ուսուցիչների (Սարգիս Ասլամազյան, Միքայել Տերիան, Ասատուր Գրիգորյան և այլոք), ինչպես նաև արտասահմանում ապրող և աշխատող հայազգի կատարողների անունները (Մանուկ Բարիկյան, Հմայակ Դուրգարյան և այլոք):


Մենագրության մեջ Անահիտ Ցիցիկյանը ծրագրում էր ընդգրկել նաև մի առանձին գլուխ իր ժամանակակիցների մասին (Հակոբ Վարդանյան, Զարեհ Սահակյանց, Մեդեա Աբրահամյան, Վիլլի Մոկացյան …), ովքեր, անտարակույս, առժանի էին դասվելու անցյալի անվանի երաժիշտների շարքին: Սակայն նրանք միշտ իր կողքին էին և թվում էր, թե դեռ կհասցնի գրել «երիտասարդների» մասին: Շատ նախագծեր ուներ Անահիտ Ցիցիկյանը, որոնք մնացին անկատար …


Հաշվի առնելով հեղինակի իղձը մենք նպատակահարմար գտանք հավելելել այս հրատարակությունը II-րդ մասով, որն ընդգրկում է իր հեղինակած տարբեր տարիների հոդվածներ (ինչպես անտիպ այնպես էլ պարբերական մամուլում լույս տեսած): Պետք է նշել, որ նյութի ընտրությունն ամենևին էլ չի նշանակում, որ այստեղ ներկայացված են այդ ժամանակաշրջանի միակ նշանավոր գործիչները` քանզի այդ ժամանակաշրջանում իրենցից բացի ևս շատ տաղանդավոր հայազգի երաժիշտներ կային: Այստեղ նշված են պարզապես այն անունները, ում մասին հասցրել է գրել Անահիտ Ցիցիկյանը. պատկերներ, կյանքից վերցված մանրապատումներ, հետաքրքրական դրվագներ XX դարի հայկական աղեղնային արվեստի ընդհանուր խճանկարից:


Այս աշխատության կարևորությունը այն է, որ այստեղ առաջին անգամ ներկայացված է հայկական աղեղնային արվեստի պատմության ամբողջական պատկերը, դրա զարգացման հիմնական միտումները: Ըստ էության, սա մի յուրատեսակ “տարրերի աղյուսակ” է, որտեղ, ինչպես Մենդելեևի աղյուսակում, հետագա սերունդները կարող են լրացնել ազատ վանդակները:


Ներկայացված նյութի լիակատարության համար գրքը համալրված է եզակի լուսանկարներով (մի մասը տպագրվում են առաջին անգամ և իրենցից ներկայացնում են XIX դարի վերջի – XXդարի սկզբին պատկանող բացառիկ նմուշներ), ինչպես նաև անունների և գրականության խմբագրված ցանկերով»:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՏԱԾՈՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

Պատրաստվում է հրատարակության


ԽՄԲԱԳՐԻ ԽՈՍՔ.
Նունե Շամախյան
«Անահիտ» մշակութային հիմնադրամի նախագահ


«Անահիտ Ցիցիկյանը երաժշտական հնագիտության հիմնադիրն է Հայաստանում: 40 տարուց ավելի նա զբաղվել է երաժշտությանը վերաբերող հնագիտական գտածոների հետազոտությամբ: Բազմամյա աշխատանքի արդյունքը դարձավ մի ֆունդամենտալ աշխատություն, որը նախատեսվում էր հրատարակել առանձին մենագրության տեսքով: Ցավոք սրտի, Անահիտ Ցիցիկյանին չհաջողվեց իրականացնել իր մտահաղացումը. գրքի խմբագրման և հրատարակման աշխատանքները շարունակվում են «Անահիտ» Մշակութային հիմնադրամի կողմից:


«Հայկական լեռնաշխարհի երաժտական գործիքները հնագիտական գտածոների լույսի ներքո» գիրքը Անահիտ Ցիցիկյան աննկուն գիտնականի և հոյակապ մարդու պայծառ հիշատակի արժանի հուշարձանը կհանդիսանա»:


ԳՐԱԽՈՍԱԿԱՆ.
Ֆելիքս Տեր-Մարտիրոսով
Պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի պետական համալսարանի դոցենտ


«Հայկական լեռնաշխարհի երաժտական գործիքները հնագիտական գտածոների լույսի ներքո» աշխատությունը մի հետաքրքիր և բացառիկ հետազոտություն է, որտեղ հեղինակը բացահայտում է մինչ այդ անհայտ տվյալներ Հայաստանի հոգևոր ժառանգության վերաբերյալ: Հարուստ հնագիտական նյութերի հետազոտման հիման վրա նրան հաջողվել է ցույց տալ Հայաստանի երաժշտական մշակույթի փոխադարձ կապը իր բազմադարյան պատմության բոլոր ժամանակաշրջաններում:


Երաժշտագետ Անահիտ Ցիցիկյանը Երաժշտական հնագիտության առաջին հետազոտողներից է Հայաստանում: Զուգորդելով երաժշտագետի իր խորը գիտելիքներն ու հետաքրքրությունը դեպի հնագույն երաժշտական գործիքները, որոնք հայտնաբերվել եին պեղումների ժամանակ , նա կարողացավ հետաքրքրաշարժ դիտարկումներ և եզրահանգումներ անել հայկական գործիքների զարգացման վերաբերյալ:


Գիրքը օգտակար ձեռնարկ կհանդիսանա հնագետների և արվեստագետների համար: Միաժամանակ շարադրման կենդանի, պատկերավոր լեզուն այն մատչելի և հետաքրքիր է դարձնում ոչ միայն մասնագետների, այլև երիտասարդության և հասարակության լայն զանգվածների համար: Գիրքը նաև մեծապես կնպաստի Հայաստանի ավանդույթներով հարուստ մշակույթի պատշաճ մակարդակով ներկայացմանը ամբողջ աշխարհի երաժշտասեր հասարակությանը»:

«Հայկական աղեղնային արվեստը»․
հայերեն գրքի կազմը

«Հայկական աղեղնային արվեստը»․
ռուսերեն գրքի կազմը