ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Նվագող ջութակահարներ շատ կան, ձայնագրվողներ. եզակի»
ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆ
Հայկական ՍՍՀ Ժողովրդական արտիստ, Ջութակահարների անսամբլի ղեկավար


Իր կեսդարյա կատարողական գործունեության ընթացքում Անահիտ Ցիցիկյանը հաճախ է համերգներով հանդես եկել Հայաստանում և արտերկրում: Ավելի քան 1000 անգամ նա բեմ է բարձրացել բազմաթիվ ելույթներով և մենահամերգներով: Սակայն կատարողական արվեստն ինչքան էլ գեղեցիկ, սակայն ակնթարթային է. ջութակահարուհու կատարումների մեծ մասը պահպանվել է միայն մարդկանց սրտերում և հուշերում, և դրանց միայն մի փոքրիկ մասն է ձայնագրվել: Եվ նույնիսկ եղածն էլ ամբողջովին չի պահպանվել. որոշ նյութեր չեն պահպանվել, մնացածն էլ ժամանակի ընթացքում վնասվել: Այն ամենն, ինչ մեզ է հասել (մոտ 60 նյութ), պահպանվել է վինիլային և լազերային ձայնասկավառակների, տեսաժապավենների տեսքով Երևանի և Մոսկվայի ռադիո-պահոցներում: Անշուշտ, եղել են նաև ձայնագրություններ արտերկրի հյուրախաղերի ընթացքում, և ով գիտի, գուցե դրանք դեռ պահպանվել են Բուլղարիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շրի Լանկայում և այլուր:


Վինիլային սկավառակները ձայնագրվել են 60-ականների սկզբին Մոսկվայի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում: Դրանցից առաջինը, որը թողարկվել էր 1962 թ., բացառիկ էր իր նշանակությամբ, քանի որ դա հայկական ջութակային երաժշտության առաջին ձայնասկավառակն էր: Այնտեղ ընդգրկված էին երիտասարդ հայ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները ջութակի և նվագախմբի համար: Բոլոր պահպանված ձայնագրությունները վերականգնվել, թվայնացվել և թողարկվել են CD-ների տեսքով «Անահիտ» մշակութային հիմնադրամի ջանքերով: Շատ ցավալի է, որ չի պահպանվել և որևէ տեսագրություն, որտեղ ջութակահարուհին ելույթ է ունենում բեմահարթակում: Երևանում ջութակահարուհու անձնական արխիվում կան մի քանի սիրողական տեսանյութեր, իսկ Մոսկվայում`Կոմիտասի անմահ «Կռունկի» տեսագրության ժապավենը, նկարահանված «Էկրան» ստեղծագործական միավորման կողմից: