ՄԱՆԿԱՎԱՐԺ

«Միտքը անոթ չէ, որը պետք է լցնել, այլ ջահ, որը պետք է վառել»։
Պլուտարքոս


Անահիտ Ցիցիկյանն իր մանկավարժական գործունեությունն սկսել է Կոնսերվատորիան ավարտելուց հետո 1950 թվականին: Դասավանդել է ջութակի մասնագիտական դասարանում: 1954 թվականին մշակել է և ուսումնական ծրագրում ընդգրկել երկու նոր առարկա․ «Հայկական աղեղնային արվեստի պատմությունը» և «Հայկական կատարողական արվեստի պատմությունը»: Նույն ժամանակաշրջանում իր իսկ նախաձեռնությամբ կրթական ծրագրում ներառվել է նաև Մանկավարժական պրակտիկան:


Անահիտ Ցիցիկյանի դասախոսությսւնները ուսանողներին գրավում էին ոչ միայն նյութի հարստությամբ, այլ նաև մատուցման ուրույն ոճով` խորը գիտելիքներ, էրուդիցիա, բովանդակալից խոսք, սահուն և գունեղ լեզու: Դասավանդմանը զուգահեռ նա զբաղվում էր գիտահետազոտական աշխատանքով, ինչն անդրադառնում էր դասախոսությունների վրա, զգալիորեն հարստացնելով մատուցվող նյութը:

  • Փաստորեն լարային բաժնի 50-80-ականների բոլոր ուսանողները՝ ջութակահար թե ալտահար, զգացել են Անահիտ Ցիցիկյանի հոգատար ձեռքերի ջերմությունը: Եվ, չնայած, որ ժամանակի ընթացքում շատերը ցրվեցին տարբեր երկրներով, նրանք մշտական կապի մեջ էին իրենց սիրելի ուսուցչուհու հետ: Մինչև իր կյանքի վերջն Անահիտ Ցիցիկյանը ջերմ, հուզիչ նամակներ էր ստանում աշխարհի բոլոր ծայրերից՝ իր նախկին ուսանողներից: Առանձնահատուկ լրջությամբ և քնքշությամբ էր Անահիտ Ցիցիկյանը վերաբերվում մանկավարժական պրակտիկային: Նա բացառիկ կարևորություն էր տալիս երաժշտության ասպարեզում պատանիների առաջին քայլերին, խորապես համոզված լինելով, որ հենց այստեղ է ձևավորվում նրանց վերաբերմունքը երաժշտության հանդեպ, ճիշտ ընկալումն ու սերը, դեպի բարձր արվեստը: